Monday, April 13, 2015

Գրականություն

Աստված՝ երկինք ու երկիր և բոլոր կենդանիներն ու բույսերը իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո՝ առավ անասունների ոտքի տակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն։
Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը։
Եվ բնակավայր տվեց նրան Եդեմի դրախտը։
Նորաստեղծ Ադամը հիացավ աստծու հրաշալիքների վրա։ Մեկ-մեկ նայեց անասուններին, թռչուններին և զանազան բույսերին, զարմացավ և փառաբանեց մեծ վարպետի անունը։
Եվ իրեն զգալով մենակ ու անընկեր՝ սկսեց ձանձրանալ, սաստիկ ձանձրանալ։
Աստված տեսնելով Ադամի մենակությունը՝ խոսեց ինքն իր հետ.
«Եկեք՝ ստեղծենք Ադամի համար մի քնքուշ ընկեր, որ մարդը միայնակ չվայելե դրախտի հրապույրները»։
Եվ բռնեց դեպի վեր սուրացող կրակը և նրա բեկբեկուն, ճախրուն բոցերից ստեղծեց անդրանիկ կնոջը՝ Լիլիթին։
Եվ նայելով իր ստեղծածի վրա՝ հիացած ասաց.
«Բարի է, որովհետև գեղեցիկ է»։
Ապա կոչեց Ադամին իր մոտ։ Լիլիթի փոքրիկ ձեռքը դնելով նախամարդու ափի մեջ՝ ասաց.

Ադա՛մ, ահա քեզ ընկեր՝ գեղեցիկ Լիլիթը։ Իրար աչքերի մեջ տեսեք ձեր պատկերը և իրար սրտերի մեջ սիրեցեք միմյանց։ Աճեցե՛ք և բազմացե՛ք։
Ադա՛մ, քո բոլոր օրերիդ մեջ հետևիր Լիլիթին, և դո՛ւ, Լիլիթ, հնազանդ եղիր Ադամին։ Լիլիթ ուշի ուշով նայեց Ադամին, և կավի հոտ զգաց իր հոտոտելիքը։ Եվ զգաց, որ Ադամի հայացքը հողի ծանրությամբ իջավ իր մազերի և ուսերի վրա։ Ու հապճեպով ձեռքը դուրս քաշեց Ադամի ափի միջից։
Ադամ նայեց Լիլիթին. և գեղեցկության մի անհուն ծավալվեց ու խորացավ իր առջև, որ դյութում էր ու քաշում իր հոգին դեպի ահավոր անդունդը՝ ոչնչացնելու համար։
Եվ հիազարհուր աչքերը գոցեց։
Եվ երբ աչքերը նորից բացեց՝ շրթները հազիվ կարողացան իրարու գալ.
— Փա՛ռք քեզ, ա՛ստված, դու ստեղծեցիր ամենագեղեցիկը և կատարյալը քո արարածների մեջ։
Դու հյուսեցիր պսակը քո հրաշագործ տիեզերքի։
Փա՛ռք քեզ անսահման և հավիտյան։
Երբ Լիլիթ լսեց նրա խոսքերը՝ գլուխը քնքուշիկ թեքեց դեպի աջ ուսը. և առաջին գոհունակ ժպիտը փայլեց չքնաղ դեմքի վրա։
Ադամ՝ մղված մինչ այդ իրեն անծանոթ մի զգացումից՝ ուզեց կրկին բռնել Լիլիթի ձեռքը։ Սակայն Լիլիթ բոցի պես խույս տվեց Ադամի մոտից։
Ադամ զգաց, որ իր սիրտը կապված է Լիլիթի լուսաշող կրունկներին՝ անբաժան ու անմեկին։ Եվ հետևելով Լիլիթին՝ տեսավ նրան կանգնած ոսկեվառ լճակի ափին, ուր նազում են ձյունափետուր կարապները։
Լիլիթ հիացումով դիտում էր գեղանի կարապներին։ Նրանց ճկուն, սլացիկ պարանոցները կախարդել էին իրեն։
Եվ քաղցր ձայնով կանչեց կարապներին. ու երբ Լիլիթ ծունկի եկավ նրանց փայփայելու, հանկարծ ջրերի վրա տեսավ մի հրաշալի, մի հրաբողբոջ պատկեր․ և երբ հասկացավ, որ այդ իր ցոլքն է, սքանչացավ իրենով և հպարտացավ։
Կրծքի վրա թափթփված մազերը հյուսեց և թողեց, որ հյուսերը ծփան ուսերի և թիկունքի վրա։ Եվ հիացած ու նորից հիացած՝ նայում էր իր պատկերին և չէր հագենում։







Լիլիթ
(Վերլուծություն) 
Բովանդակություն
· Դրդապատճառ
· Սյուժեն
· Աստծու կերպարը
· Սատանայի կերպարը
· Ադամի կերպարը
· Լիլիթի և Եվայի կերպարները
· Տղամարդկանց և կանանց բնորոշ երևույթների վերլուծություն
· Ինչն եմ հավանել, իսկ ինչը՝ ոչ
· Եզրակացություն

Դրդապատճառ
Մինչև ստեղծագործության բուն վերլուծությանն անցնելը կարևոր է հասկանալ և գիտակցել, թե ինչն է դրդել հեղինակին գրելու այն: Ո՛չ մի ստեղծագործություն «օդից» չի ստեղծվում, պետք են զգացմունքներ, որոնք հեղինակի գլխում կնկարեն ստեղծագործության ամբողջական պատկերը: Կարծում եմ, որ հեղինակը մի քանի շատ կարևոր հարցեր է շոշափել, որոնք ամբողջությամբ համեմված են իր կյանքի փորձով, իր զգացմունքներով, ու որոնք ապրել է ու զգացել իր մաշկի վրա. Աստված, կին ու տղամարդ և կյանքի անարդարություններ: Հակառակ դեպքում ստեղծագործությունը այդքան հաջողված չէր ստացվի:
Սյուժեն
Հեղինակը պատմում է Աստծո մասին, ով հողից ստեղծում է Ադամին: Բայց նկատելով, որ Ադամը իրեն միայնակ է զգում, որոշում է նրան ընկեր պարգևել և ստեղծում է Լիլիթին կրակից: Սակայն Լիլիթը Ադամին արհամարհում է, միշտ պատճառներ է փնտևում, որպեսզի փախչի, և վերջապես գայթակվում է Սատանայով և նրա հետ հեռանում: Այս ամենից հետո Աստված Ադամի կողից ստեղծում է Եվային, որպեսզի իր բնույթով հնազանդ լինի նրան: Եվան հավատարիմ էր և սիրում էր Ադամին: Ու չնայած Ադամը նույնպես սիրում էր Եվային, բայց Լիլիթի բոցավառ կերպարը այդպես էլ չի հեռանում նրա սրտից:
Աստծո կերպարը
Հեղինակը շատ դիպուկ նկարագրում է Աստծուն:
«…իր արարչական մի սոսկ խոսքով ստեղծելուց հետո` առավ անասունների ոտքիտակ ընկած հողից մի կտոր և նրանից ստեղծեց մարդուն:»
«Սոսկ խոսքով»: Ի՞նչ է ուզում սրանով ասել հեղինակը: Այն, որ Աստված ամենակարողն էր, և ինչ-որ բան փոխելու համար նրան ընդամենը մի խոսք էր հարկավոր, և եթե իրականում այդպես է, ապա ինչո՞ւ շատ բաներ ուղղակի վրիպել էին նրա աչքից:
«Անասունների ոտքի տակ ընկած հողից»: Ինչո՞ւ է Իսահակյանը հողը բնորոշելու այս նվաստացուցիչ տարբերակը ընտրել: Պատասխանը պարզ է դառնում հաջորդ պարբերությունում, որտեղ նա նշում է, թե կոնկրետ ինչի համար ստեղծեց մարդուն: Ինչպես ասում է հեղինակը. «Ստեղծեց նրան, որ սա սքանչանա իր վեհ գործերի վրա և փառավորե աստվածային անունը»: Ահա, փաստորեն, թե ինչի համար Աստված ստեղծեց մարդուն: Կարծում եմ, որ շատ դիպուկ նկարագրություն է:
Հաջորդ դրվագում, երբ Աստված խրատում է Լիլիթին, ասում է. «Եթե չհնազանդես, գիտցիր, որ խիստ կպատժեմ…Գնա հիմա Ադամի մոտ, այդպես եմ կամենում ես…», «Գիտցիր, որ խիստ կպատժեմ»:
Կարո՞ղ եք արդյոք բացատրել, թե ինչու նա չպատժեց Լիլիթին, երբ վերջինս չհնազանդվեց և փախավ սատանայի հետ: Կարծում եմ՝ Իսահակյանի աչքից այս մանրուքը չէր կարող վրիպել, և նա միտումնավոր է, որ չի պատժել Լիլիթին՝ ևս մեկ անգամ մատնանշելով կյանքի անարդարություններն ու հակասելով այն մտքին, որ ոչ մի բան անպատիժ չի մնում:
«Այդպես եմ կամենում ես»: Կրկին հեղինակը ցույց է տալիս, թե որքան եսասեր է Աստված, թե որքան վեր է ինքն իրեն դասում:
«Անհույս էր Ադամի հոգին և, նզովելով աստված ու անմահություն ` մահ էր տենչում»։
Ահա այստեղ է, որ Աստված նրան օգնության է գալիս: Չէ՞ որ արդեն Ադամը իր նպատակին չէր ծառայում և նզովում էր իրեն: Այդ իսկ պատճառով նա որոշեց ստեղծել Եվային, որպեսզի նորից սկսի գովաբանել իրեն:
«…և ինքն իր մեջ սուզված խորհեց, որ անկարելի էր վերև սլացող հուրը ընկերացնել երկրին կառչող հողին»: Շատ հետաքրքիր է, որ հեղինակը կրկին մատնանշում է Աստծո եսասիրությունը: Չէ՞ որ կարող էր գրել, որ Աստված հասկացավ իր գործած սխալը, բայց ո՛չ, նա ընդամենը «սուզված խորհեց»:
Նաև կարելի է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ Իսահակյանը «աստված» բառը փոքրատառով է գրում, չնայած նրան, որ հավատացյալ մարդիկ դեռ հին ժամանակներից այն մեծատառով են գրել :
Սատանայի կերպարը
Հեղինակը սատանային նկարագրել է այնպես ինչպես բոլորը` չար, եսասեր, գեղեցիկ ու գրավիչ :
Ադամի կերպարը
Ադամը պարզ, նվիրվող, անկեղծ, բարի, կարճ ասած իդեալական մարդու կերպար է: Չնայած ընթերցողի մոտ տպավորություն է ստեղծվում, որ Ադամը չափից դուրս շատ է Լիլիթի հետևից վազվզում, բայց դա ամենևին նրա մարդկային գծերի բնորոշումների վրա չի ազդում, քանզի հենց այդ վազվզոցի մեջ է թաքնված ներկայիս աշխարհին պակասող մարդկանց տեսակը, ովքեր պարզ են և հետին միտք չունեն: Հեղինակը ընթերցողին նաև ցուցադրում է Ադամի համբերությունը և հանդուրժողականությունը. չէ՞ որ ամբողջ պատմվածքի ընթացքում նա միայն մեկ անգամ դիմեց Աստծո օգնությանը: Իսահակյանը նաև նշում է տղամարդկանց մի քանի կարևորագույն հատկանիշներ, որոնց կանդրադառնամ ավելի ուշ, բայց կարևոր է նկատել, որ հեղինակին տղամարդկանց բնութագրելու համար մեկ կերպարն էլ հերիքեց, որը չենք կարող ասել կանանց համար:
Լիլիթի և Եվայի կերպարները
Պատահական չէ, որ այս երկու կերպարներին միասին եմ ուզում քննարկել: Կարծում եք, որ Լիլիթը և Եվան հակառակ բևեռնե՞ր են, ո՛չ: Հեղինակը մեզ փորձել է փոխանցել իդեալական տղամարդուն և կնոջը, բայց ինչպես նախորդ ենթակետում նշեցի, մեկ կերպարը քիչ էր իդեալական կնոջը ներկայացնելու համար: Այո՛, Լիլիթը և Եվան ամբողջություն են` իդեալական ամբողջություն: Լիլիթը թիթիզ է, վազվզում է ամեն մի գեղեցկության հետևից, գնահատում է միայն նյութականը, չէ՞ որ կրակը միայն նյութականն է այրում: Լիլիթին մերթընդմերթ դուր էր գալիս Ադամի հետ խաղալ, որովհետև նա չէր գնահատում ոչ մի զգացմունք. ինքն էր աշխարհի կենտրոնը, և աշխարհը նրա շուրջ էր պտտվում:
Եվան հնազանդ էր, բացի նյութականից Եվան գնահատում էր սերը և իր սիրելիի մասին հոգ էր տանում: Իր սիրելին էր աշխարհի կենտրոնը, և աշխարհը նրա շուրջ էր պտտվում:
Եկեք չմոռանանք, որ Լիլիթը սատանայի մոտ Եվա է դառնում, կախվում է նրա վզից և իրեն երջանիկ զգում: Կարծում եմ, որ բոլոր կանայք կազմված են փոքրիկ Լիլիթներից և Եվաներից: Ու որքան այդ համադրությունը հավասարակշռված է, այնքան նրանք նմանվում են կնոջ իդեալին, որը այս պատմվածքում ներկայացրել է Իսահակյանը:
Տղամարդկանց և կանանց բնորոշ երևույթների վերլուծություն
Հիմա Ձեզ կներկայացնեմ մի քանի դրվագներ, որտեղ Իսահակյանը շոշափել է տղամարդկանց և կանանց բնորոշ հետաքրքիր թերություններ ու առավելություններ:
«Գնաց լճափ, թափառեց պուրակներում, պրպտելով ամեն թուփ ու մացառ: Կրկին դարձավ աղբյուրի մոտ: Լիլիթ չկա՛ր ու չկար:
Ի՞նչ է պատահել նրան, Լիլիթին, — մտածում էր Ադամ, — երևի անծանոթ շավիղներ բռնելով` մխրճվել է հեռավոր պուրակների մեջ և մոլորվել:
Պիտի որոնել, որոնել նրան»։
Հեղինակը այստեղ ցույց է տալիս Ադամի միամտությունն ու բարիությունը: Չէ՞ որ Ադամի մտքի ծայրով անգամ չէր անցնում, որ Լիլիթը ուղղակի մոռացել էր իրեն: Ու պատկերացնու՞մ եք, որ եթե բոլոր մարդիկ այդպես լինեին, որքան անթերի և հիասքանչ կլիներ այս կյանքը: Եթե Լիլիթին էլ նույն բարիությունն ու միամտությունը ունենար, ուրեմն ինքն էլ Ադամին չէր խաբի և նշանակված ժամին կգար:
« -Սակայն ես սպասեցի քեզ թե՛ այստեղ, թե՛ լճափում, իսկ դու չկայիր ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ, — կտրուկ ձայնով պատասխանեց Լիլիթ:
Ադամ մի պահ լռեց: Ադամ մտածում էր` մի՞թե չնկատեց Լիլիթին, անկարելի է, բայց…»։
Իսահակյանը ևս մեկ անգամ ցուցադրում է Ադամի պարզությունը, հանդուրժողականությունը: Ուշադրություն դարձրեք, թե Ադամը ի՞նչ է մտածում. «Մի՞թե չնկատեց Լիլիթին»: Նա նորից ուրիշ մեղավորներ չի փնտրում, ամբողջ ստեղծագործության ընթացքում նա նույնիսկ Աստծուն չմեղադրեց, որ Լիլիթին այդպես մեծամիտ և թեթևաբարո է ստեղծել:
«Լիլիթ նայեց Ադամի խղճալի դեմքին և լիահնչուն քրքիջ արձակեց: Սակայն մի պահ: Ապա հայացքը նրա քաղցրացավ, աստծո անունը զգաստացրեց նրան:
— Բայց, Ադամ, ինչու՞ ես լալիս. Ինչու՞ ես այդպես խոսում: Չէ՞ որ միշտ բարի եմ եղել քեզ հետ»։
Այստեղ հակառակը, Իսահակյանը ցույց է տալիս Լիլիթի վախկոտությունը և նույնիսկ երկերեսանիությունը: Չէ՞ որ Լիլիթը Աստծո անունը լսելուն պես սկսում է ձևականորեն Ադամի մասին հոգ տանել և զարմանալ, թե ի՞նչու է Ադամը լալիս: Վախկո՛տ, վախկո՛տ Լիլիթ:
« -Անգին Լիլիթ, այդ ճանապարհը լավը չէ այնքան… Ես գիտեմ բոլոր շավիղները, — և ցույց տվածս է ամենագեղեցիկը… Ներիր, որ ասեմ, թե դու չգիտես:
-Ո՛չ,- զայրացած ասաց Լիլիթ, — և վերջապես ես այս եմ ուզում. եթե չես գալիս, ես մենակ կերթամ:
Եվ ոտք դրեց իր կամեցած ուղին…
Ադամ հլու հետևեց նրան»։
Իսահակյանը ապացուցում է, որ երկու երնեկ մի տեղում չի լինում: Գեղեցկությունը և իմաստությունը հակադարձ համեմատական մեծություններ են: Սա նաև տղամարդկանց մասին է: Չէ՞ որ Ադամն էլ էր իմաստուն, բայց ոչ այդքան գեղեցիկ: Այո՛, այո՛, իմաստուն էր: Միայն իմաստուն մարդը կարող է իրենից ավելի թույլի հետ չվիճել, համակերպվել, ինչ-որ բան չապացուցել, կոպիտ ասած գլուխ չդնել:
Նմանատիպ դրվագները շատ-շատ են, որոնցից յուրաքանչյուրը յուրովի արտահայտում է հեղինակի ապրած հիասթափությունները:
Ինչն եմ հավանելիսկ ինչը՝ ոչ
Հավանել եմ Իսահակյանի գրելաոճը, ավելի կոնկրետ այն, որ մեծ և բարդ խնդիրները մասնատել է և փոքր-փոքր չափաբաժիններով, շատ մեղմ, բայց հասկանալի մատուցել ընթերցողին:
Իմ համեստ կարծիքով հեղինակը շատ է տանջել Ադամին: Պատմվածքը պետք է մի փոքր կարճ լիներ: Կարելի էր մի քանի դրվագներ, որոնք նույն միտքն էին արտահայտում, պարզապես չներկայացնել: Կարծում եմ՝ դրանից ստեղծագործության որակը չէր ընկնի:
Հարկ է նկատել նաև, որ Ադամի և Լիլիթի զրույցները փոքր-ինչ ձևական բնույթ էին կրում. իրական կյանքում մարդիկ այդպես չէին խոսի: Համաձայն եմ, որ ասյտեղ իրական կյանք չէր, բայց իրական մարդիկ էին, այնպես չէ՞: Նրանց խոսակցությունը շատ հարթված է, անհրաժեշտ էր տեղ-տեղ թույլ տալ, որ նրանք թերանային: Կոպիտ ասած՝ մի քիչ ագրեսիվությունն էր պակասում, մի քիչ ջղային տեսարաններ էին պետք:
Եզրակացություն
Եզրակացությունը մեկն է. Իսահակյանը ուրիշ բառերով, ուրիշ պատկերներով, ուրիշ կերպաներով ներկայացրել է իր ապրած կյանքը:

No comments:

Post a Comment