Wednesday, February 25, 2015

Գրականություն


Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։
1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։
1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում(1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։
1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։
1921 թ-ի աշնանը Թումանյանը մեկնում է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:



Կենսագրություն
1888 թվականին, տասնինը տարեկան հասակում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցան 10 երեխա՝ Մուշեղ (1889-1938), Աշխեն (1891-1968), Նվարդ (1892-1957), Արտավազդ (1894-1918), Համլիկ (1896-1937), Անուշ (1898-1927), Արփենիկ (1899-1981), Արեգ (1900-1939), Սեդա (1905-1988), Թամար (1907-1989):






Ստեղծագործություններ

Թումանյանն իր ստեղծագործություններով հեղաշրջում է կատարել հայ բազմադարյան գրականության մեջ։ Նրա լեզուն և մտածողությունը պարզ են, ժողովրդական։ Նա խորությամբ է արտացոլել հայ ժողովրդի հոգեբանությունը, մտքերն ու ձգտումները։ Թումանյանն իր քնարերգության մեջ արծարծել է հայրենասիրական, սոցիալական, քաղաքական, փիլիսոփայական, սիրային թեմաներ։ Իրական կյանքի պատկերն ու սոցիալական անարդարության դեմ խտացված բողոքն են արտահայտված «Գութանի երգը», «Խրճիթում» և այլ բանաստեղծություններում։ «Հին օրհնություն» բանաստեղծությունը հայ ժողովրդի վշտի, ձգտումների ու երազանքների խտացումն է։ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ, խոսելով հայ ժողովրդի դարավոր պատմության, մաքառումների և տանջալից ուղու մասին, հավատով է պատկերել հայրենիքի անպարտելի ու ստեղծագործ ոգին.


Ու մեր աչքերը նայում են կարոտ՝
Հեռու աստղերին
Երկնքի ծերին,
Թե ե՞րբ կըբացվի պայծառ առավոտ՝
Հայոց լեռներում,
Կանաչ լեռներում։

«Հայրենիքիս հետ» բանաստեղծությունը Թումանյանը գրել է Մեծ եղեռնի օրերին. նրա յուրաքանչյուր տունը մեր պատմության ու գոյափիլիսոփայության յուրօրինակ խտացում է։ Առաջին 2 քառատողերում «Զարկված ու զրկված, ողբի ու որբի հայրենիքի» պատկերներն են, իսկ երրորդը և չորրորդն ավարտվում են «Լույսի և հույսի, նոր ու հզոր հայրենիք» արտահայտություններով։

Ժառանգություն
Թումանյանի ստեղծագործությունները ժողովրդականացել են, լույս են տեսել տարբեր նկարիչների պատկերազարդումներով, վերածվել երգերի։ Նրա գործերի հիման վրա Արմեն Տիգրանյանը գրել է«Անուշ» (ըստ համանուն պոեմի), Ալեքսանդր Սպենդիարյանը՝ «Ալմաստ» (ըստ «Թմկաբերդի առումը» պոեմի) օպերաները, նկարահանվել են բազմաթիվ մուլտիպլիկացիոն («Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը» և այլն) ու գեղարվեստական («Անուշ», «Գիքորը», «Տերն ու ծառան», «Չախ-Չախ թագավորը») ֆիլմեր։

Հայաստանում.Թումանյանի բազմաթիվ երկեր թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, բելառուսերեն, վրացերեն,տաջիկերեն, ուզբեկերեն, լիտվերեն, անգլերեն, պարսկերեն, իտալերեն, իսպաներեն, հունարեն,արաբերեն, ճապոներեն, շվեդերեն, չինարեն, ղազախերեն և այլ լեզուներով։ 1980 թ-ին սահմանվել է Հայաստանի գրողների միության Թումանյանի անվան ամենամյա մրցանակը։ 1957 թ-ին օպերայի և բալետի թատրոնի շենքի առջև՝ Թատերական հրապարակում, կանգնեցվել է նրա հուշարձանը։ Հետևյալ վայրերը անվանվել են ի պատիվ Հովհաննես Թումանյանի՝
  • Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թթ-ին կոչվում էր Թումանյան
  • 1951 թ-ին Լոռու Ծաղիկձոր գյուղը վերանվանվեց Թումանյան
  • Վանաձորի պետական համալսարանը,
  • Երևանի տիկնիկային թատրոնը,
  • Երևանի Թումանյան փողոցը,
  • Երևանի Աջափնյակ համայնքի Թումանյան այգին


ՆԱԽԵՐԳԱՆՔ

Հե՛յ, պարոննե՛ր, ականջ արեք
Թափառական աշուղին,
Սիրո՛ւն տիկնայք, ջահե՛լ տըղերք,
Լա՛վ ուշ դըրեք իմ խաղին։

Մենք ամենքըս հյուր ենք կյանքում
Մեր ծնընդյան փուչ օրից,
Հերթով գալիս, անց ենք կենում
Էս անցավոր աշխարհից։

Անց են կենում սեր ու խընդում,
Գեղեցկություն, գանձ ու գահ,
Մահը մերն է, մենք մահինը,
Մարդու գործն է միշտ անմահ։

Գործն է անմահ, լա՛վ իմացեք,
Որ խոսվում է դարեդար,
Երնե՜կ նըրան, որ իր գործով

Կապրի անվերջ, անդադար։

Չարն էլ է միշտ ապրում անմեռ,
Անե՜ծք նըրա չար գործքին,
Որդիդ լինի, թե հերն ու մեր,
Թե մուրազով սիրած կին։

Ես լավության խոսքն եմ ասում,
Որ ժըպտում է մեր սըրտին.

Ո՞վ չի սիրում, թեկուզ դուշման,
Լավ արարքը, լավ մարդին։

Է՜յ, լա՛վ կենաք, ակա՛նջ արեք,
Մի բան պատմեմ հիմի ձեզ,
Խոսքըս, տեսեք, ո՞ւր է գընում,
Քաջ որսկանի գյուլլի պես։


No comments:

Post a Comment