Ադամ Սմիթը շուկան դիտում էր որպես «ինքնակարգավորվող համակարգ», որը պայմանավորված է ազատ մրցակցությամբ։ Նա իր «Հետազոտություն ժողովուրդների հարստության բնույթի և պատճառների մասին» (1776թ.) աշխատության մեջ նշել է «անտեսանելի ձեռքի» սկզբունքի մասին, ըստ որի` ազատ մրցակցության պայմաններում շուկայում գործող ձեռներեցը հաշվի է առնում բացառապես իր շահը, սակայն արդյունքում ավելի մեծ օգուտ է տալիս հասարակությանը, քան, եթե նախապես գործեր հանուն հասարակության շահերի։
Նորդասական դպրոցի հիմնադիր Ալֆրեդ Մարշալը իր «Տնտեսագիտության սկզբունքները» (1890թ.) աշխատության մեջ շուկան բնորոշում է որպես «մարդկանց ցանկացած խումբ, որը մտնում է գործարար կապերի մեջ և կնքում ապրանքի հետ կապված գործարքներ»։ Մեկ այլ առումով Ալֆրեդ Մարշալը շուկան բնութագրում է որպես «առաջարկի և պահանջարկի փոխհարաբերության համակարգ», որը կարգավորվում է պահանջարկի և առաջարկի օրենքով։
Ամերիկացի տնտեսագետ, շուկայագետ Ֆիլիպ Կոտլերը շուկայի բնորոշումը կատարում է` ելնելով նրա սուբյեկտներից։ Նրա «Մարքեթինգի հիմունքներ» աշխատության մեջ շուկան սահմանված է որպես «ապրանքների առկա և հնարավոր գնորդների ամբողջություն»։
Ինստիտուցիոնալիզմի ներկայացուցիչ Ռոնալդ Քոուզը շուկան բնորոշում է որպես «բնական կարգ»։ Ըստ նրա` շուկան օբյեկտիվորեն սահմանված կարգ է, որը գործում է որոշակի «խաղի կանոններով»։ Այնտեղ, որտեղ խախտվում է այդ կարգը, թուլանում է «սեփականության իրավունքը», որն էլ իր հերթին մեծացնում է «տրանսակցիոն ծախսերը», այսինքն` անարդյունավետությունը։ Սեփականության իրավունքի ամրագրումը, ըստ Քոուզի, այն հիմքն է, որը ձևավորում է շուկայական մեխանիզմը` իր բոլոր առավելություններով հանդերձ։
Ժամանակակից տնտեսագիտական գրականության մեջ կան շուկայի այլ բնորոշումներ.
- Շուկան ապրանքների արտադրության և փողի միջոցով իրացման հարաբերությունների ամբողջություն է։
- Շուկան ապրանքների արտադրության և շրջանառության օրենքներով կազմակերպվող փոխանակություն է։
- Շուկան գնորդների և վաճառողների փոխհարաբերության մեխանիզմ է, այլ խոսքով` պահանջարկի և առաջարկի փոխհարաբերություն։
- Շուկան ազատ` կամավոր և համարժեք փոխանակության համակարգ է։
Հիմնական տարրերը
Շուկայական մեխանիզմը գործում է որոշակի օբյեկտիվ օրինաչափությունների հիման վրա, որոնք դրսևորվում են որոշակի տարրերի փոխազդեցությամբ։ Շուկան ունի իրեն բնորոշ հիմնական տարրերը, որոնք շուկայական հարաբերությունները դարձնում են ավելի ընդգրկուն և խորը, քան պարզ փոխանակության հարաբերություններն են։ Շուկայի հիմնական տարրերն են` պահանջարկը, առաջարկը, մրցակցությունը, գինը և գովազդը։ Շուկայական հարաբերությունները գործողության մեջ են մտնում և դառնում իրական հարաբերություններ` նշված տարրերի միջոցով։ Որպես միասնական շուկայական համակարգի տարբեր կողմերի արտահայտություններ` նշված տարրերը գտնվում են փոխադարձ կապերի ու պայմանավորվածությունների մեջ։
Պահանջարկ և առաջարկ
No comments:
Post a Comment