Վահան Տերյան
Տեսա երազ մի վառ.
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Ոսկի մի դուռ տեսա,
Վըրան փերուզ կամար,
Սյուները հուր տեսա։
Տեսա ծաղկած այգին,
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Սոսի սուրբ ծառ տեսա,
Մի հըրեշտակ անգին
Սոսից պայծառ տեսա։
Երկու բաժակ տեսա,
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Ոսկի գինին էր վառ.
Երկու նիզակ տեսա,
Երկու անգին գոհար։
Սիրտս խոցված տեսա,
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
Վերքիս արյունն էր վառ,
Դահճիս կանգնած տեսա,
Ասի — արևս ա՜ռ…
No comments:
Post a Comment